ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Իսկ կենսաթոշակը 38000 դրամ վճարելու հնարավորություն ընձեռո՞ւմ է

Իսկ կենսաթոշակը 38000 դրամ վճարելու  հնարավորություն ընձեռո՞ւմ է
03.04.2015 | 10:47

Անցած շաբաթ գործադիրը հաստատեց «Անձնագրերի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում լրացումներ կատարելու վերաբերյալ որոշումը։ Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունից տեղեկացանք, որ փոփոխությունը տեխնիկական բնույթի է, և այժմ սպասում են ԱԺ-ի որոշմանը։ Մինչ օրենսդիրը կհաստատի այդ որոշումը, մեր խմբագրություն դիմեցին մի շարք թոշակառուներ բողոք-առաջարկով. «Մեր կենսաթոշակը 35000 դրամ է, բայց կենսաչափական անձնագիր ստանալու համար պահանջում են 38000 դրամ։ Մենք ի՞նչ անենք, ասենք, պիտի գնանք մեր բարեկամների մոտ` Վրաստան։ Ինչ է, մեր վերջին թոշակը տանք ու գնա՞նք»։ Իսկապես, ինչո՞ւ չի կարելի նվազեցնել այդ գումարը, չէ՞ որ կան շատ թոշակառուներ, որոնց բարեկամները բնակվում են մերձավոր արտերկրում, և նրանք էլ ցանկություն են ունենում գոնե տարին մեկ անգամ «իրենց մարդ զգալու»։ Այս և խնդրին առնչվող այլ հարցերի շուրջ է զրույցը ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ ՄՆԱՑԱԿԱՆ ԲԻՉԱԽՉՅԱՆԻ հետ։

-Մենք բազմիցս տեղեկացրել ենք հասարակությանը ու այժմ էլ մեկ անգամ ևս մեր քաղաքացիներին հիշեցնեմ, որ կենսաչափական անձնագրերի դիմաց վճարվող պետտուրքի չափը հաշվառված է ինքնարժեքով և շահույթ չի հետապնդում։ Կենսաչափական անձնագրերի ստեղծման համար կիրառվում են բարձր տեխնոլոգիաներ, թանկարժեք սարքավորումներ, ինչով էլ պայմանավորված է դրանց բարձր ինքնարժեքը։ Ինչ վերաբերում է նույնականացման քարտերին, ապա դրանց դեպքում որոշակի արտոնություններ սահմանված են` նպաստառու ընտանիքների և առաջին անգամ անձնագիր ստացող քաղաքացիների համար։ Նրանք կարող են նույնականացման քարտ ստանալ անվճար։ Սակայն այս պահի դրությամբ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի համար արտոնություններ նախատեսված չեն։ Եվ կարծում եմ, այս պահին արտոնություններ սահմանել չենք կարող, քանի որ զուտ բյուջեի հետ կապված խնդիրներ կառաջանան։ Եթե լեհական կողմի կամ անձնագրեր տպագրող կազմակերպության հետ հետագայում հնարավոր լինի բանակցել գինը նվազեցնելու շուրջ, ապա, բնականաբար, կենսաչափական անձնագրերի պետտուրքի չափը կնվազեցվի։ Մեր պետությունն ինքն էլ է շահագրգռված այդ հարցում։ Սակայն այս պահին, եթե գործող պետտուրքը համեմատում ենք այլ երկրների պետտուրքի հետ, ապա, անկասկած, մեզ մոտ գինն ավելի ցածր է։
-Դա ճիշտ է, բայց չմոռանանք, որ այլ երկրների ու Հայաստանի թոշակառուների ստացածները համեմատության եզրեր չունեն։ Անհամեմատ բարձր թոշակը նրանց թույլ է տալիս աշխարհով մեկ շրջագայել։ Այնպես որ, կարծում եմ, ավելի լավ է նման զուգահեռներ չանցկացնել, քանի որ մեր թոշակները այդ համեմատությանը չեն դիմանա։
-Հասկանալի է Ձեր ասածը։ Բայց և այնպես, պետական տուրքը ինչպես մեր երկրում, այնպես էլ այլ երկրներում շահույթ չի հետապնդում։ Եվ կենսաչափական անձնագրերի թե՛ թուղթը, թե՛ արտադրական գործընթացը բոլոր երկրներում նույն ձևով է իրականացվում, այսինքն` դրանց ինքնարժեքը բարձր է։ Սակայն անգամ այդ դեպքում մենք կարողացել ենք ավելի ցածր տուրքի չափ սահմանել, քան այլ երկրներ։ Համոզված եմ, եթե մեր պետությունը հնարավորություն ունենա քաղաքացիների համար նվազեցնելու կենսաչափական անձնագրերի պետտուրքի չափը, ապա անպատճառ կգնա այդ քայլին։
-Իսկ մինչ այդ հնարավո՞ր է փոփոխություն մտցվի «Պետտուրքի մասին» օրենքում, որով թոշակառուներին իրավունք տրվի ոչ թե միանվագ, այլ գոնե երկու կեսից վճարելու պետտուրքը` կենսաչափական անձնագրեր ստանալու համար։
-Նման արտոնություն նշված օրենքում սահմանված չէ։ Օրենքում հստակ ասվում է` պետտուրքը վճարվում է ծառայություն կատարելուց առաջ։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հին նմուշի անձնագրերի դեպքում քաղաքացին 5000 դրամ էր վճարում ՀՀ-ից դուրս գալու համար, ապա կենսաչափական անձնագրում նման նշում չի կատարվում։ Այսպիսով, փորձել ենք ինչ-որ ձևով փոխհատուցել քաղաքացու վնասները։
-Պարոն Բիչախչյան, որքան գիտեմ, կենսաչափական անձնագրերի պետտուրքը 25000 դրամ է, ինչո՞ւ են թոշակառուներից պահանջում 38000 դրամ։
-Երևի թե այդ մարդիկ իրենց կենսաչափական անձնագրերը ստացել են հինգ աշխատանքային օրվա ընթացքում։ Կառավարության որոշմամբ, եթե քաղաքացին ընտրում է ավելի արագ ծառայություն ստանալու տարբերակը, ապա այդ դեպքում նախատեսվում են լրացուցիչ գումարներ։ Եթե քաղաքացին իր փաստաթուղթը ստանում է 15 աշխատանքային օրվա ընթացքում, ապա վճարում է 25000 դրամ։ Ի դեպ, եթե միևնույն ժամանակ ստանում է նաև նույնականացման քարտ, ապա դրա համար վճարում է 3000 դրամ։
-Եթե քաղաքացին, այդ թվում` թոշակառուն, ունի հին նմուշի կապույտ անձնագիր և այն վավեր է, ապա կարող է, չէ՞, հանգիստ շրջագայել։
-Առանց որևէ խնդրի քաղաքացին կարող է այդ անձնագրով ճամփորդել։ Կապույտ անձնագրերն ուժի մեջ են դեռևս տասը տարի և, կառավարության որոշմամբ, թույլ է տրվում ևս հինգ տարով երկարացնել դրանց վավերացման ժամկետը մեկ անգամ։


Զրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 942

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ